Այցելեցինք Մեծ եղեռնի հուշարձան: Երբ հավերժական կրակի մոտ ծաղիկներ դնելուց հետո բարձրացանք վերև, Եգոր Լիգաչովը դիտեց շրջապատը, տեսավ, որ իր հետ էին միայն Կարեն Դեմիրճյանը և ես (մյուսները մի քիչ հետ էին մնացել), դիմեց նրան.
- Ընկեր Դեմիրճյան,- ասաց նա,- ենթադրենք, թե Թուրքիան ինչ-որ ժամանակ դառնա դեմոկրատական սոցիալիստական պետություն, Հայաստանի և հայերի բացասական վերաբերմունքը նրա նկատմամբ կփոխվի՞ արդյոք, թե՞ ոչ:
- Իհարկե, ոչ,- պատասխանեց Դեմիրճյանը:
- Ինչո՞ւ,- չհանգստացավ Լիգաչովը,- դուք, ի՞նչ է, նացիոնալի՞ստ եք:
Դեմիրճյանը շրջվեց դեպի Արարատ լեռը, որն այդ օրը շատ հստակ ու գեղեցիկ էր:
- Հայ մանուկները, երբ սկսում են ուսումնասիրել և ընկալել իրականությունը, իրենց ծնողներին, ուսուցիչներին հարց են տալիս, թե ինչո՞ւ չի կարելի մոտենալ այս` ամեն հային հոգեհարազատ Արարատ լեռանը: Նրանց բացատրում են: Բնականաբար, նրանց գիտակցության մեջ բողոք է առաջանում պատմական անարդարության և այն կատարած թուրքերի ու Թուրքիայի հանդեպ,- պատասխանեց Դեմիրճյանը:
- Ուրեմն այդ հարցը լուծում չունի՞,- հարցրեց Լիգաչովը:
- Ինչո՞ւ ոչ: Եթե Ձեզ նման, ենթադրենք, որ Թուրքիան ինչ-որ ժամանակ, ինչ-որ պայմաններից դրդված ընդունի ցեղասպանության փաստը, Հայաստանին վերադարձնի զավթած հողերը, ապա հայերը կաշխատեն մոռանալ ոչ միայն կրած տանջանքները և Եղեռնը, այլև կփոխեն իրենց
բացասական վերաբերմունքը թուրքերի նկատմամբ: Մենք նացիոնալիստներ չենք, ընկեր Լիգաչով, մենք հայրենասերներ ենք…
Լեոնիդ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Երևանի քաղկոմի առաջին քարտուղար
Հուշերից
Սասուն Ս. ԱՆԱՆՅԱՆԻ ՖԲ էջից